Ֆրանսիայի նախագահն ուղերձով դիմել է Վրաստանի ժողովրդին: Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել քաղաքացիների եվրոպական ձգտումներին:
«Այդ ցանկությունն այսօր խաղաղ կերպով հայտնում են Թբիլիսիում և Վրաստանի տասնյակ բնակավայրերում»,- ասել է նախագահը։ Նա կոչ է արել վրացական իշխանությանն աշխատել Եվրամիության հետ և առանց հապաղելու կառուցել Հանրապետության եվրոպական ապագան:
«ԵՄ-ն չի պարտավորեցնում, Եվրոպան առաջարկում է ճանապարհ հարթել դեպի հավասար գործընկերություն և բարգավաճում: Եվրոպան չի վախեցնում, չի սպառնում, չի հրահրում պատերազմի»,- հայտարարել է Մակրոնը:
Նա նաև դատապարտել է բողոքի ակցիաների ընթացքում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը, մարդկանց հիմնարար ազատությունների ոտնահարումը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը մեղադրել էր Եվրամիությանը՝ Թբիլիսիի հետ սպառնալիքի լեզվով խոսելու, նաև եվրաինտեգրումը որպես շանտաժի գործիք օգտագործելու համար: