Վրաստանում տեղի է ունեցել նախագահի ընտրությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվարկի համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին: Նա նախագահի միակ թեկնածուն էր: Այս տարի առաջին անգամ նախագահին ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։ Ղավելաշվիլին ստացել է 224 ձայն: Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին:
Ընդդիմությունը չի մասնակցել ընտրական գործընթացներին, քանի որ բոյկոտում է հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրության արդյունքները, որոնց համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Նոր կառավարության լեգիտիմությունը չի ճանաչում նաև ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա հայտարարել է, որ, անկախ նախագահի ընտրության արդյունքներից, չի լքի իր նստավայրը, մինչև երկրում խորհրդարանական նոր ընտրություններ չանցկացվեն։
Թբիլիսիում ցույցեր են: Խորհրդարանի շենքի դիմաց հավաքվածները պահանջում են, որ «Վրացական երազանքը» հեռանա իշխանությունից: Նրանք նաև բողոքում են Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու կառավարության որոշման դեմ, կոչ անում ազատել վերջին օրերի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս միացել է ցուցարարներին:
Մայրաքաղաքում անվտանգությունն ուժեղացվել է: Հատկանշական է, որ երեկ Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որով արգելվում է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով, օգտագործել հրատեխնիկա և լազերներ, որոնք ցուցարարները հաճախ ուղղում են ոստիկանների աչքերի մեջ և տեսախցիկներին: Նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող «Վրացական երազանքը»:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։