Վրաստանում այսօր մեկնարկել է նախագահի ընտրությունը: Առաջին անգամ նրան կընտրի ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։
Միակ թեկնածուն պատգամավոր Միխեիլ Ղավելաշվիլին է, որին առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Ընդդիմությունը չի մասնակցում այդ գործընթացին, քանի որ բոյկոտում է հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքները, որոնց համաձայն հաղթել է «Վրացական երազանքը»: Նոր կառավարության լեգիտիմությունը չի ճանաչում նաև գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նա հայտարարել է, որ, անկախ նախագահի ընտրության արդյունքներից, չի լքի իր նստավայրը, մինչև երկրում խորհրդարանի նոր ընտրություն չանցկացվի։ Նախագահի ընտրությունն ուղեկցվում է բողոքի ցույցերով:
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց հավաքվածները պահանջում են, որ «Վրացական երազանքը» հեռանա իշխանությունից:
Նրանք նաև բողոքում են Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանելու կառավարության որոշման դեմ, կոչ անում ազատել վերջին օրերի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս միացել է ցուցարարներին: Ազատության հրապարակում ջրցան մեքենաներ են տեղակայվել, անվտանգությունն ուժեղացվել է:
Հատկանշական է, որ երեկ Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որով արգելվում է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակով կամ այլ միջոցներով, օգտագործել հրատեխնիկա և լազերներ, որոնք ցուցարարները հաճախ ուղղում են ոստիկանների աչքերին և տեսախցիկներին:
Նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող «Վրացական երազանքը»: