Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը դեկտեմբերի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիին:
Շնորհավորելով դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ղադա Վալին արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ մշտական ներկայացուցչին և պատրաստակամություն հայտնել համակողմանիորեն աջակցել Հայաստանի հետ առկա համագործակցության զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար, դեսպան Հովհաննիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել Հայաստանի՝ Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի և դրա հովանու տակ գործող մարմինների հետ փոխգործակցությունը խորացնելու և առկա օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցության ընթացիկ և նախանշվող ծրագրերի, համապատասխան ոլորտներում ՀՀ բարեփոխումներին Գրասենյակի աջակցության հնարավորությունների շուրջ։