Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ ի պատասխան ուկրաինական կողմի՝ ռազմական օդանավակայանի վրա ATACMS հրթիռների հարձակման՝ բարձր ճշգրտությամբ հարված են հասցրել Ուկրաինայի կարևոր էներգետիկ ենթակառուցվածքին, որն ապահովում է Կիևի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը:
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Տեղի են ունեցել հոսանքազրկումներ, ջրամատակարարման ընդհատումներ։ Ուկրաինայի նախագահը հաստատել է տեղեկությունը: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ արձակելով 93 հրթիռ և 200 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ 81 հրթիռ է խոցվել։ Դրանք ոչնչացնելու համար օգտագործվել են F-16 կործանիչներ։ Զելենսկու խոսքով՝ դա երկրի էներգետիկ ոլորտի դեմ ուղղված ամենամեծ հարձակումներից մեկն է եղել:
Ուկրաինայի տարածքում գտնվող ինը միջուկային բլոկներից հինգը ստիպված են եղել կրճատել հզորությունը երկրի էներգետիկ համակարգի վրա ռուսական հարձակման պատճառով՝ հաղորդում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը: