Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Մասնակցում էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների, Վճռաբեկ դատարանի և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Արմեն Մկրտչյանն արդյունավետ գործընկերության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ ընդգծելով ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների կարևորությունը։ Անդրադառնալով Հայաստանում ուժի կիրառման նոր ստանդարտի ներդրմանը՝ Արմեն Մկրտչյանը շեշտադրել է անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների կարևորությունը։
Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն վերահաստատել է ԵԽ պատրաստակամությունն աջակցելու Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես, հենասյունային ուղղություններից Ոստիկանության գվարդիայի ձևավորման, ծառայողների կարողությունների շարունակական զարգացման հարցում։
Ընդգծվել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կմշակվեն համապատասխան կրթական մոդուլներ, որոնց շրջանակում կիրականացվեն գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստվածություն և վերապատրաստումներ, կլրամշակվեն նաև ոլորտի կարգավորումներից բխող ենթաօրենսդրական ակտերը։
Քննարկվել են ուժի կիրառման նոր ստանդարտին, օրենսդրական դաշտի կարգավորմանը և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։