ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմի հետ։ Նա անձնակազմին է ներկայացրել նորանշանակ և վերանշանակված տեղակալներին:
Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ ՆԳ նախարարը կադրերի առաջխաղացման մեթոդաբանության տեսանկյունից կարևորել է կատարողական կարգապահության, ծառայության գրագետ կազմակերպման, պատասխանատվության, կարողությունների շարունակական զարգացման հատկանիշները:
Նախարարը նշել է, որ հատկապես հովանավորչության և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ լինելու է անհանդուրժող. նման երևույթների հանդեպ արձագանքը, առանց բացառության, լինելու է կոշտ, օրենքի ողջ խստությամբ:
Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ կադրային փոփոխությունների նոր մեթոդաբանության շրջանակում յուրաքանչյուր ծառայող գնահատվելու է բացառապես կատարած աշխատանքի արդյունքներով, բարեվարքությամբ, հանրության հետ շփումներում գրագետ ու պատասխանատու գործելաոճով։ Նա հավելել է, որ նոր մոտեցումը նպատակ ունի ստեղծել թափանցիկ միջավայր, որտեղ կարևորվում են մասնագիտական հմտությունները, անաչառությունը և հանրությանը ծառայելու բարձր պատասխանատվությունը:
Խոսելով համակարգի արդյունավետության և հանրային անվտանգության որակի բարձրացման մասին՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցման, աշխատանքի գնահատման նոր մեխանիզմների արդյունավետությանը և ակնկալվող արդյունքներին։
ՆԳ նախարարի տեղակալները, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշել են, որ պատրաստ են իրենց փորձն ու կարողությունները ծառայեցնել ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում առաջադրված խնդիրների կատարմանը:
Ընդգծելով հենասյունային ուղղություններով գրանցված ձեռքբերումները՝ ՆԳ նախարարը նշել է բացթողումների, կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ նախանշելու, առկա խնդիրները համատեղ վերհանելու, գույքագրելու և հասցեագրելու մասին։