ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ոստիկանության ծառայողների ատեստավորումը կարևոր բաղադրիչ է թե՛ մասնագիտական կարողությունների զարգացման, թե՛ սոցիալական երաշխիքների բարելավման համար։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:
Ներքին գործերի նախարարի հրամանով մեկնարկում է ոստիկանության ծառայողների ատեստավորման երրորդ փուլը։
Դեկտեմբերի 16-ից սկսվում են նախապատրաստական ծավալուն աշխատանքները և ատեստավորմանը մասնակցել ցանկացող ոստիկանության ծառայողների զեկուցագրերի ընդունման գործընթացը։
Ատեստավորման գործընթացը կմեկնարկի 2025 թվականի ապրիլի 1-ից։
ՆԳՆ հաղորդագրությունում նշված է, որ Կառավարությունը հաստատել է ատեստավորման անցկացման կարգը և ատեստացիայի արդյունքում վճարվող հավելավճարի չափը։ Գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով մշակվել է նաև համապատասխան ուղեցույց։
Ոստիկանության ծառայողների ատեստավորման առաջին փուլը մեկնարկել է 2023 թվականի օգոստոսին. ատեստավորման համար զեկուցագիր է ներկայացրել 1123 ծառայող, որոնցից ատեստավորման փուլերը հաղթահարել է 408 ոստիկանության ծառայող։ Ատեստավորման երկրորդ փուլին զեկուցագիր է ներկայացրել 2900 ծառայող. ատեստավորվել է 595 ոստիկանության ծառայող։
1900 ծառայող այս պահին հաղթահարել է թեստավորման ընդհանուր բաժնի փուլը և դեկտեմբերի 9-ից մասնակցում է ֆիզիկական պատրաստության ստուգմանը։