Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները:
Ի՞նչ է նշանակում անհատական շարժունակության միջոց:
Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը։ Այն մեկ կամ մի քանի անիվ ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար, օրինակ՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գերոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ։
Ովքե՞ր կարող են օգտագործել անհատական շարժունակության միջոցներ:
Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։
Մինչև 18 տարեկան անձանց կողմից, բացառությամբ 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, անհատական շարժունակության միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից: