Դեռևս 2019 թվականին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է Ազգային ժողով-փոքր ու միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ, որի ստեղծման նպատակը պատգամավորների և ՓՄՁ-ների միջև երկխոսության ամրապնդումն է:
Հանձնաժողովին կից ստեղծված հարթակը ծառայում է ոլորտի խնդիրների համակողմանի քննարկմանն ու վերհանմանը, ինչպես նաև անհրաժեշտ օրենսդրական վերանայումների իրականացմանը:
Դեկտեմբերի 13-ին հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի նախագահությամբ խումբը գումարել է հերթական՝ 11-րդ նիստը: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:
Աշխատանքային խմբի անդամները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի ու Հարկային օրենսգրքի կարգավորումներին:
Առաջարկվել է սահմանել պարտադիր պահանջ, որով 10.000-ից ավելի ՓՄՁ-ներին վերաբերող նախագծերը պարտադիր ենթարկվեն օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման: Դա հնարավորություն կտա հասկանալու, թե օրենսդրական փոփոխությունն ինչպես է ազդելու տնտեսության ու բիզնեսի վրա:
Հաջորդ առաջարկը վերաբերել է առևտրաարդյունաբերական պալատներին, միություններին և ասոցիացիաներին վճարվող անդամավճարներին: Առաջարկվում է դրանք հարկային ծախս դիտարկելու հնարավորություն ստեղծել: Տեսակետ է հնչել, որ անդամավճարների մասով որոշ սահմանափակումներ կան, որոնք երբեմն նույնացվում են նվիրատվության հետ, մինչդեռ անդամավճարը նվիրատվություն չէ:
Հարկային օրենսգրքում ընդունված նոր կարգավորումների համաձայն՝ մի շարք ոլորտներ շրջանառության հարկի համակարգից տեղափոխվել են ավելացված արժեքի հարկման դաշտ և մասնագիտական ծառայություններ մատուցող մի շարք ոլորտների համար (իրավաբաններ, հաշվապահներ, փաստաբաններ և այլն) սահմանվել են այլ չափանիշներ: Այս հարցում եւս ՓՄՁ ներկայացուցիչները ռիսկեր են տեսնում և առաջարկում օրենքի ընդունման ժամկետը որոշ ոլորտների համար երկարաձգել մինչև 2025 թվականի ավարտը: Նրանք նաև առաջարկում են արդեն գործող կարգավորումների մասով եւս հնարավորության շրջանակում փոփոխություններ նախաձեռնել:
Սոցիալական ձեռնարկատիրությունն իրավական տարբերանշանով ճանաչելու առաջարկ է հնչել:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փաստել է, որ ՓՄՁ բնագավառի խնդիրները մշտապես հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են և առաջիկայում եւս կկազմակերպվեն կառուցողական քննարկումներ՝ բարձրացված հարցերի առնչությամբ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով: Իսկ մինչ այդ հնչած առաջարկները պատասխանատու կառույցներին ներկայացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: