Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը դեկտեմբերի 12-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների դեմ պայքարի և հանցավորության գրասենյակի Ուղևորների և բեռների վերահսկողության ծրագրի տարածաշրջանային համակարգող Նաիդա Չամիլովայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Կարևորելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում ձևավորված Քրեական ոստիկանության դերը հանցավորության դեմ պայքարում՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումը ՀՀ կառավարության և ՆԳ նախարարության առաջնահերթություններից է։
ՔՈԳՎ պետն ընդգծել է սահմանային կետերով իրականացվող ապօրինի թմրաշրջանառության կանխարգելմանը միտված քայլերի կարևորությունը, մասնավորապես՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, վերապատրաստումները և այլն։
Նաիդա Չամիլովան պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը մասնավորապես՝ սահմանային կետերում ուղևորների և բեռների վերահսկման ուղղությամբ։ Սահմանային կետերում ուղևորների և բեռների առավել ուշադիր վերահսկումը հնարավորություն կընձեռի զերծ մնալ ապօրինի թմրաշրջանառության հնարավոր դեպքերից։
Հանդիպմանը քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, այդ թվում՝ Մեղրիի սահմանային անցակետում ուղևորների և բեռների վերահսկման ստորաբաժանման ստեղծումը։