ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է ՉԺՀ առևտրի նախարարության եվրասիական վարչության երկրորդ աստիճանի տեսուչ Ճաո Ցյույանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
Հանդիպումը նպատակ ուներ մեկ անգամ ևս քննարկելու երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները։
Չինական կողմը ներկայացրել է գործակցության ընդլայնման մի շարք կետեր, ընդգծելով հատկապես բարձր տեխնոլոգիական արտադրանքների ստանդարտացման և սերտիֆիկացման ուղղությունը։
Գևորգ Մանթաշյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության շուրջ ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Քննարկվել են հեռահաղորդակցության, թվայնացման, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների, R&D-ի, ոլորտային ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հնարավորությունները։
Կողմերը վերահաստատել են, որ տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ընդլայնման մեծ պոտենցիալ կա, և պատրաստակամություն հայտնել՝ ջանքեր գործադրել այն առավել զարգացնելու ուղղությամբ։