Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 00:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Ո․, ծնված 1963 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել ձորը: Փրկարարներն ուղևոր Ա․ Հ․-ին (ծնված 1975 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և վարորդ Վ․ Ո․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: