2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամներ Բուլղարիան և Ռումինիան վերջապես կմիանան Եվրոպայի Շենգենյան ազատ տեղաշարժի գոտուն՝ ԵՄ-ին անդամակցելուց 13 տարի անց: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Ավստրիան՝ Սոֆիայի և Բուխարեստի Շենգեն մտնելու ամենամոլի հակառակորդը, հանել է իր վետոն։
2007 թվականին ԵՄ-ին միանալուց ի վեր Բուլղարիան և Ռումինիան մասնակիորեն են կիրառել Շենգենյան օրենսդրությունը, նրանց համար ժամանակի ընթացքում բացվել են օդային և ծովային սահմանները, սակայն ցամաքային երթուղիներում վերահսկողությունը պահպանվել է։ ԵՄ-ն վախենում էր միգրանտների ներհոսքից և մաքսանենգությունից:
Ցամաքային սահմաններին ստուգումների չեղարկման շուրջ բանակցություններն ընթացել են ամբողջ 2024 թվականին: Ի վերջո Ավստրիան ընդունել է, որ ապօրինի ներգաղթյալների ներհոսքի ռիսկերը նվազել են, սակայն խնդրել է պահպանել ընտրանքային ստուգումները Ռումինիայի և Բուլղարիայի սահմաններին՝ Շենգենյան գոտուն նրանց լիարժեք անդամակցությունից հետո վեց ամսվա ընթացքում: