Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը Էմանուել Մակրոնի և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու հեռախոսազրույցի մանրամասներ է հրապարակել: Ելիսեյան պալատը նշել է, որ զանգի նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահինն է։
«Ֆրանսիայի նախագահը սեփական նախաձեռնությամբ զրույցել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ պարոն Բիձինա Իվանիշվիլու հետ։ Նա դատապարտել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչներին ահաբեկելը, ինչպես նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ իրավապահ մարմինների բռնությունները։ Նախագահը պահանջել է ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր կամայականորեն ձերբակալվել են և կոչ է արել հարգել խոսքի ու հավաքների ազատությունը»:
Ըստ վրացական կողմի հաղորդագրության՝ Բիձինա Իվանիշվիլին հայտնել է, որ բերման ենթարկվածների մեծ մասը վարչական կալանքի տակ է, մոտ ապագայում նրանք ազատ կարձակվեն: Իսկ քրեական գործերով անցնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Ելիսեյան պալատը հաղորդել է նաև, որ հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Մակրոնը կրկին ափսոսանք է հայտնել Վրաստանի՝ եվրաինտեգրման ուղուց շեղվելու համար, միաժամանակ ընդգծել է իր վստահությունը, որ Եվրամիության ու Վրաստանի հարաբերություններն անխուսափելիորեն պայմանավորված կլինեն այն ուղենիշներով, որոնք ընտրվել են կամ կընտրվեն։
Մակրոնը նաև կոչ է արել վրացական իշխանություններին երկխոսություն սկսել բոլոր քաղաքական ուժերի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ հարգելով վրաց ժողովրդի եվրոպական և ժողովրդավարական հավակնությունները և պատրաստակամություն հայտնել՝ նպաստելու իրավիճակի լիակատար լիցքաթափմանը։
Վրաստանի իշխող կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Մակրոնի հետ զրույցը վերջին ամիսներին Իվանիշվիլու առաջին շփումն էր միջազգային առաջնորդների հետ։