Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվել է մինչև 2026 թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: 300 դպրոցի ցանկում նախատեսվում է ներառել նաև Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» 3,000,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային համաձայնագրի նախագծի կատարման արդյունքում կապահովվի Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցումը, դպրոցի շենքի պահպանման ուղեցույցի մշակումը և դպրոցների 56 վարչական աշխատակազմերի վերապատրաստումը այդ ձեռնարկի կիրառության թեմայով, ուսումնական այցը Ճապոնիա՝ սեյսմիկ աղետի կառավարման, ճարտարագիտության և կայուն քաղաքաշինության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու համար, սեյսմիկ ռիսկերի և արձագանքման վերաբերյալ իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը 10-19 տարեկան 200 000 աշակերտների թիրախային բնակչության համար, այլ արդյունքներ, որոնք կնպաստեն աղետների կանխարգելման և կլիմայի փոփոխության դեմ պայքարին: