Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում:
Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառ» ծրագրի իրականացմամբ, մշակույթի գործիչներին խրախուսում տրամադրելու անհրաժեշտությամբ, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի իրականացմամբ:
Լրացուցիչ ֆինանսավորումը ուղղվելու է «Մշակույթի զարգացման» հիմնադրամի կանոնադրական առաջնային նպատակի՝ թանգարանների կառավարման միասնական մոդելի գործարկմանը: Թանգարանների կառավարման միասնական մոդելը թանգարանների կառավարման համապարփակ մոտեցում է, որն ապահովելու է տարբեր գործառույթների ինտեգրում, որպեսզի բարելավի ընդհանուր աշխատանքային արդյունավետությունը, կազմակերպությունը կարողանա արագ և արդյունավետ արձագանքել փոփոխվող պայմաններին, մարտահրավերներին և հնարավորություններին: Թանգարանների կառավարման միասնական մոդելը նախատեսում է տարբեր գործառույթների մեկտեղում և իրականացում հիմնադրամի կողմից, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել թանգարանային գործունեությունը:
«Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառ» ծրագրի կազմակերպման առանցքային նպատակն է երիտասարդ կատարողների բացահայտումը, նրանց ստեղծագործական գործունեությունը խթանումը և բեմ տրամադրելը, մշակութային միջավայր ստեղծումը: Միջոցառումը թույլ կտա նորահայտ երիտասարդ կատարողների համար ստեղծել մշակութային հարթակ, մրցանակներով խրախուսել մրցույթ-փառատոնի լավագույն մասնակիցներին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի բնակչությանը հաղորդակից դարձնել ամանորյա տոներին:
Դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։ Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «ՀՈՇԿԻ ՖԻԼՄ» ՍՊԸ-ին ՖԻԱՊՖ-ի կողմից որակավորված (ըստ ուղղվածության) Տամպերե միջազգային կինոփառատոնում մասնակցելու համար, «ԲՈՒՄԵՐԱՆԳ ՄԵԴԻԱ.ԱՄ» ՍՊԸ -ին՝ ՖԻԱՊՖ-ի (FIAPF)-ի կողմից որակավորված Վենետիկի միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար, ինչպես նաև Նարինե Գրիգորյանին՝ Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին (Չեխովյան փառատոն) մասնակցելու համար։
Դպրոցական բաժանորդային համակարգ ծրագրի շրջանակում անհրաժեշտ է փոխհատուցել 2024 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների կողմից մատուցած ծառայությունների դիմաց: Դպրոցական բաժանորդային համակարգ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը կազմում 128047.2 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Հաշվի առնելով, որ ծրագրում ներկա պահին առկա է 1028.8 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ անհրաժեշտ է լրացուցիչ 127018.4 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):
Ըստ հիմնավորման՝ մինչև տարեվերջ ԿԳՄՍ նախարարության կողմից կիրականացվեն մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն մշակույթի հանրայնացմանն ու միջազգայնացմանը, երիտասարդ սերնդի համար ստեղծագործական ժառանգությանը հասանելիության խթանումը, մշակույթի դերի մեծացմանը, ընդլայնմանը, մշակութային կյանքին հասարակության մասնակցության և ակտիվ հաղորդակցության ապահովմանը, արվեստի տարածմանն ու ժառանգության պահպանմանը: