ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակության անդամ Կոնստանտինոս Էֆսթաթիուի հետ:
Հանդիպմանը մասնակցել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը:
Ողջունելով Կոնստանտինոս Էֆսթաթիուին Ազգային ժողովում` Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել նրան Երևանում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
«Մենք կարևորում ենք ՄԻԵԴ-ի որոշումների կատարումը, ինչը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հարցում մեր հանձնառությունն է»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կոնստանտինոս Էֆսթաթիուն ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև առկա են փոխադարձ անկեղծ համակրանք և հարգանք: Նա ՄԻԵԴ-ի վճիռների կատարման գործում բարձր է գնահատել Հայաստանի կողմից ձեռնարկված ջանքերը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ իրավական դաշտի օրենսդրությանը, ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հիմնահարցերին:
Մասնակիցները բարձր են գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: