Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:50-ին ,ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով «Արթիկ» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Արթիկ քաղաքի բնակիչ 29 և 28 տարեկան երկու երիտասարդ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանել են երկու համաքաղաքացիների՝ 37-ամյա և 34-ամյա եղբայրների հետ, այդ ընթացքում էլ կրտսեր եղբայրը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրանց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքին մասնակից եղել և մարմնական վնասվածք է ստացել նաև արթիկցի 30-ամյա մի երիտասարդ:
Հետագա միջոցառումների արդյունքում 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու և բոլոր հանգամանքները պարզելու միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում: