Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է առաջընթացի զեկույց, որը գնահատում է Հայաստանի համապատասխանությունը 2015 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների
շրջանում» խորագիրը կրող գնահատման զեկույցում ներառված 18 հանձնարարականներին:
ԳՐԵԿՈ-ն եզրակացրել է, որ ներկայացված 18 հանձնարարականներից Հայաստանի Հանրապետությունը
բավարար չափով կատարել է 12, իսկ մասնակի՝ 6 հանձնարարական:
Պատգամավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն ընդգծել է Ազգային ժողովի աշխատանքներին հանրային ներգրավվածության ապահովումը և պատգամավորների շրջանում նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների ներդրումը։
ԳՐԵԿՈ-ն նշել է, որ դեռևս պետք է ընդունվի պատգամավորների վարքագծի կանոնագիրք, որը պետք է զուգակցվի վերահսկողության, խորհրդատվական և իրազեկվածության բարձրացման արդյունավետ միջոցառումներով:
Դատավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն օրենսդրական մակարդակով ներդրվել է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների կարգապահական հարցերով որոշումների բողոքարկման մեխանիզմ, որի գործարկումը,
սակայն, դեռևս ապահովված չէ:
Առաջընթացի սույն զեկույցի ընդունմամբ ավարտվում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության գործընթացի 4-րդ փուլը: