Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունը փորձել է ինքնասպանություն գործել Արևելյան Սեուլում գտնվող կալանավայրում, խորհրդարանական լսումների ժամանակ ասել է հաստատության ղեկավարը։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, երբ Սեուլի դատարանը պաշտոնապես ձերբակալել է նախկին նախարարին՝ ապստամբությանը մասնակցության մեղադրանքով:
Հետաքննության տվյալներով՝ Կիմ Յոն Հյունը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին առաջարկել է երկրում ռազմական դրություն հայտարարել և հրամայել է զինվորականներ տեղակայել Ազգային ժողովի շենքում։
Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ռազմական դրություն է հայտարարել: Խորհրդարանը, սակայն, արգելափակել է այդ որոշումը, և նախագահը ստիպված այն չեղարկել է։ ՊՆ ղեկավարն էլ հրաժարական տալուց հետո ձերբակալվել է: Նա մեղադրվել է կարճաժամկետ ռազմական դրություն մտցնելով՝ ապստամբություն կազմակերպելու և «ազգային սահմանադրությունը խարխլելու նպատակով» անկարգություններ հրահրելու համար։
Կիմ Յոն Հյունը ներողություն է խնդրել՝ փաստաբանների միջոցով հայտնելով, որ ստանձնում է իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը:
Գործով ներգրավված է նաև նախագահը, որին արգելվում է լքել երկիրը։