Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում ոչնչացրել է «Սիրիայի ռազմավարական զենքի պաշարների մեծ մասը»՝ մի քանի հարյուր հարված հասցնելով հարևան երկրում, որը քաոսի մեջ է ընկել Բաշար ալ Ասադի հեռանալուց հետո:
«Ընդամենը 48 ժամվա ընթացքում հասցվել է 480 ավիահարված, դրանց թիրախներն են եղել զենիթային մարտկոցները, օդանավակայանները, զենքի արտադրության վայրերը, սպառազինությունների պահեստները, ռազմական կառույցները, արձակման կայանքներն ու կրակային դիրքերը»,- նշված է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ՑԱՀԱԼ-ը հարվածներ է հասցրել սիրիական ռազմածովային ուժերի երկու օբյեկտի, որոնցում գտնվել են 80-190 կմ հեռահարության «նավ-նավ» հրթիռներ, ոչնչացրել է 15 նավ:
«Զենքի պաշարների ոչնչացումը կանխեց դրանք ահաբեկչական տարրերի ձեռքն ընկնելուց»,- պարզաբանել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնն էլ (SOHR) հայտնել է, որ իսրայելական հարվածներից «ոչնչացվել են Սիրիայի ամենակարևոր ռազմական օբյեկտները»՝ ներառյալ օդանավակայաններ, ավիացիոն ջոկատներ, ռադարներ, ազդանշանային կայաններ, զենքի և զինամթերքի պահեստներ, գիտահետազոտական կենտրոններ, ՀՕՊ համակարգեր և երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիա նավահանգստային քաղաքում կայանած ռազմանավերը: