Ուկրաինայում պատերազմը պետք է շուտափույթ դադարեցվի, դա կդառնա ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Այդ մասին հայտարարել է Դոնալ Թրամփը՝ ֆրանսիական Paris Match ամսագրի հետ հարցազրույցում։
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Թրամփն ասել է, որ մտադիր է 2025 թվականի հունվարին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո իր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրը դարձնել Ուկրաինայում պատերազմի ավարտը։ «Կարծում եմ, որ պետք է ուկրաինական խնդիրը լուծենք Ռուսաստանի հետ»,- պարզաբանել է նա և հավելել. «Թեև Մերձավոր Արևելքը նույնպես մեծ առաջնահերթություն է, սակայն Ուկրաինայում իրավիճակն ավելի բարդ է, քան այնտեղ»:
Նա հիշեցրել է Ուկրաինայում զոհված «հարյուր հազարավոր զինվորների» մասին և ընդգծել, որ թե՛ այդ պատերազմը, թե՛ հակամարտությունը Մերձավոր Արևելքում պետք է «արագ» լուծվեն, քանի որ «շատ մարդիկ են մահանում»։ Թրամփը Փարիզում եռակողմ բանակցություններն անվանել է «լավ հանդիպում նախագահ Զելենսկու հետ»։
Դոնալդ Թրամփը նաև կրկնել է իր խոստումը, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայի գործերին Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո։ «Սիրիան ինքը պետք է հոգա իր մասին»,- ասել է ԱՄՆ ընտրված նախագահը։