Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքում քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» և Թուրքիայի աջակցությունը ստացող «Սիրիայի ժողովրդական բանակը» ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվել են հրադադարի մասին, հայտարարել է քրդական ուժերի հրամանատար Մազլում Աբդին։
«Մենք Մանբիջում ԱՄՆ միջնորդությամբ հասել ենք զինադադարի՝ խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,- նրա խոսքը մեջբերում է Rudaw հեռուստաալիքը։ Հրամանատարը նշել է, որ քուրդ աշխարհազորայինները կլքեն մարտական գոտին, երբ դա հնարավոր լինի։ Նա վստահեցրել է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» աջակցում է «Սիրիայի բոլոր տարածքներում համապարփակ զինադադարին և երկրի ապագայի վերաբերյալ քաղաքական գործընթացի մեկնարկին»:
ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի աջակցությունը ստացող քրդական միավորումները վերահսկում են Սիրիայի տարածքի 25%-ը, ներառյալ` Ռաքքա և Հասաքա նահանգների մեծ մասը, ինչպես նաև Դեր Զորի հյուսիսարևելյան հատվածը։ Այդ տարածքներում են գտնվում երկրի նավթի ու գազի հիմնական հանքավայրերը, իսկ մոտակայքում տեղակայված են ամերիկյան ռազմական բազաները։