ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարող է խստացնել պատժամիջոցները ռուսական նավթի արտահանման դեմ՝ ձգտելով ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա մինչև Դոնալդ Թրամփի` Սպիտակ տուն վերադառնալը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Հնարավոր միջոցառումների մանրամասները դեռ մշակվում են, նշում է գործակալությունը։ Բայդենը երկար ժամանակ դիմակայել է նման քայլերին՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են էներգակիրների գների աճ առաջացնել, հատկապես ԱՄՆ նախագահի ընտրություններից առաջ: Սակայն նավթի գների անկման և Թրամփի հաղթանակի հետ մեկտեղ հեռացող վարչակազմը «պատրաստ է ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել»,- ասել են աղբյուրները:
Բայդենի վարչակազմը որոշել է նաև մեծացնել Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցությունը՝ Կիևի նկատմամբ Թրամփի հնարավոր գործողությունների անորոշության ֆոնին, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել 266,4 մլն դոլարի սահմանում Ուկրաինային F-16 կործանիչների սպասարկման համար սարքավորումների և ծառայությունների հնարավոր վաճառքին, հայտնում է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը:
Զեկույցում նշվում է, որ Կիևը նախկինում թույլտվություն էր խնդրել F-16-ի որոշ համակարգեր, բաղադրիչներ և ծախսվող նյութեր, ինչպես նաև ծրագրային ապահովում և անձնակազմի վերապատրաստման ծառայություններ ձեռք բերելու համար: