Օրենսդրական կարգավորումների արդյունավետությունը և նոր կարգավորումների ներդրման նպատակահարմարությունն ուսումնասիրելու նպատակով՝ ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը ս.թ. նոյեմբերի 30-ին ամբողջ կազմով մշտադիտարկում է իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերում։
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզում ուսումնասիրվել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված շուրջ 28 գովազդային վահանակ։ Դիտարկվել են տեղադրված գովազդային վահանակների համապատասխանությունը սահմանված տեխնիկական պայմաններին, վահանակների տեղադրման վայրերը, դրանց վիճակը, արգելապատնեշների առկայությունը։
Գյումրի քաղաքում մշտադիտարկում է իրականացվել տեխնիկական զննության բոլոր 4 կայաններում։ Այդ կայաններում ուսումնասիրվել են պահանջվող սարքավորումների առկայությունը և վիճակը, դրանց ստուգաչափված լինելու հանգամանքը և կիրառությունն ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման ընթացքում, ինչպես նաև տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրման և կայանում ձայնագրությունները մեկ տարի ժամկետով պահպանելու հանգամանքը։
Միաժամանակ վարչության աշխատակիցներն այցելել են գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման 3 կայան, ծանոթացել նշված կայաններում իրականացվող գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացին, սարքավորումների առկայությանը և դրանց վիճակին։
Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած որոշ թերությունների վերաբերյալ տեղում իրականացվել են քննարկումներ և առաջարկվել է դրանք հնարավորինս արագ վերացնել։ Տեխնիկական զննության կայաններում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի և սահմանված կարգավորումներին համապատասխան գործընթացի անցկացման ավելի մանրամասն ուսումնասիրության նպատակով կայանների պատասխանատուներին առաջարկվել է նախարարություն ներկայացնել նախորդ ամիսներին իրականացված տեխնիկական զննության տեսաձայնագրությունները, ինչպես նաև տրվել են ցուցումներ՝ խիստ ուշադրություն դարձնել ձմեռային անվադողերի առկայությանը։
Մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով վարչության աշխատակիցների կողմից առաջիկայում նման աշխատանքային այցեր կլինեն նաև մյուս մարզեր, իսկ հայտնաբերված թերությունների վերաբերյալ կտեղեկացվի նաև տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին։