Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ Ռուսաստանի նախագահի առաջադրած բոլոր նպատակները կյանքի կոչվեն՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:
«Դրանք կարող են իրագործվել կամ ռազմական գործողությունների արդյունքում, կամ համապատասխան բանակցությունների շրջանակում»,- ասել է Դմիտրի Պեսկովը, հավելել՝ առայժմ բանակցային գործընթաց չկա: Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ դրանից հրաժարվում է Կիևը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը ռազմական գործողությունների դադարեցման նոր պայմաններ էր առաջ քաշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից: Նաև Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրությունից, հայտարարի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակ, ապառազմականացվի և ապազգայնականացվի, Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն էլ պետք է չեղարկվեն, Ղրիմը և Սևաստոպոլը ճանաչվեն Ռուսաստանի մաս:
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Կիևը պատրաստ է բանակցել և հնարավորություն է տեսնում՝ ավարտելու պատերազմը 2025 թվականին, սակայն ուկրաինական կողմի շահերը պետք է հաշվի առնվեն: Ուկրաինայից նաև հայտնել են, որ առաջիկայում մտադիր են արևմտյան դերակատարների մասնակցությամբ կոնտակտային խմբի հանդիպում անցկացնել, որի ընթացքում պետք է ձևակերպվի պատերազմի դիվանագիտական կարգավորման շուրջ ընդհանուր դիրքորոշումը: