Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Առանձնապես կարևորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով:
Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:
Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: