ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է իր էջում որոշ օգտատերերի արած մեկնաբանությունների։
«Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել և վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել: Հարգելի օգտատերերից մեկը մի նյութ տեղադրեց, որը վերաբերվում է իմ և իմ ընտանիքի անդամների հայտարարագրերին: Այդ հրապարակման մեջ կա մի այսպիսի ձևակերպում. «Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են»։ Այս հրապարակումը, փաստորեն, որոշ օգտատերերի հիմք է տվել որոշ եզրակացություններ անել: Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը և գրեցի ստորև բերվող մեկնաբանությունը»,- գրել է նա։