Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո ԱՄՆ ուժերը կիրակի՝ դեկտեմբերի 8-ին, հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» (ԻՊ) ավելի քան 75 օբյեկտներին Սիրիայի կենտրոնում։ Հարձակման նպատակն էր կանխել ԻՊ-ի փորձերը՝ օգտվելու երկրում առկա անկայուն իրավիճակից, պարզաբանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Գործողությանը մասնակցել են B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, F-15 կործանիչներ և A-10 գրոհային ինքնաթիռներ։ «Սիրիայի բոլոր խմբավորումները պետք է հասկանան, որ պատասխանատվության կենթարկվեն, եթե համագործակցեն կամ աջակցեն ԻՊ-ին»,- ասել է հրամանատար Մայքլ Կուրիլան:
Սիրիայի զինված խմբավորումները նոյեմբերի վերջին լայնածավալ հարձակում սկսեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարական ուժերի դեմ։ Մի քանի օրվա ընթացքում նրանց հաջողվեց մտնել երկրի մեծությամբ երկրորդ քաղաք՝ Հալեպ, հսկողության տակ վերցնել ևս մի քանի խոշոր բնակավայր։ Դեկտեմբերի 8-ին նրանք պետական հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ մտել են մայրաքաղաք Դամասկոս և տապալել Բաշար ալ Ասադի իշխանությունը։