Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայի իրադրությանը: Արաղչին հայտարարել է, որ հետախուզական և այլ տվյալներով ի սկզբանե հայտնի է եղել, որ նման գործողություն է լինելու, և Սիրիայի բանակն ու կառավարությունը ևս տեղեկացված են եղել:
«Բնական էր, որ Գազայից, Լիբանանից հետո այս գործողությունները շարունակվելու էին: Զարմանալին դրանց դեմ Սիրիայի բանակի անկարողությունն էր և գործողությունների արագությունը: Ինքը՝ Բաշար Ասադը ևս զարմացած էր ու դժգոհ սեփական բանակի պահվածքից»,- նշել է Արաղչին։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Սիրիայում գործողության ժամանակի ընտրության հարցում դեր է խաղացել Ուկրաինայում ՌԴ զբաղվածությունն ու Իսրայելի հետ Իրանի առճակատումը, սակայն այդ գործողության հաջողության հիմնական գործոնը Սիրիայի բանակն էր, որը չի դիմադրել, մինչդեռ դիմադրության ուժերը, չնայած այլ ճակատներում զբաղվածությանը, իրենց դերակատարումն ունեցել են:
Նախարարը նշել է, որ Իրանի հետագա քաղաքականությունը կախված է նրանից, թե ինչ իշխանություն կձևավորվի Սիրիայում, և այն ինչ դիրքորոշում կորդեգրի Իրանի ու Սիրիայի շիաների նկատմամբ: