Վրաստանի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցերի տասնմեկերորդ օրվա մասնակիցները Ռուսթավելու պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, ամանորի ծառը «զարդարել» են ցույցերի ճնշման ժամանակ վիրավորված ակտիվիստների և լրագրողների լուսանկարներով։
Թբիլիսիի քաղաքապետարանի պատվերով կեսօրից հետո ցուցարարների հավաքի վայրում տեղադրվել է Ամանորի ծառի հիմնակմախքը։ Սակայն ցուցարարները թույլ չեն տվել քաղաքային ծառայություններին ամբողջությամբ հավաքել ամանորյա խորհրդանիշը, և արհեստական ճյուղերով զարդարված հիմնակմախքի վրա հայտնվել են ոստիկանների կողմից ծեծի ենթարկված ակտիվիստների ու լրագրողների լուսանկարները: Ոստիկանները սկզբում շրջափակել են տոնածառի հիմնակմախքը, բայց ավելի ուշ հեռացել են, և այն նորից անցել է ցուցարարների հսկողությանը։ Բացի լուսանկարներից, դրա վրա հայտնվել են Վրաստանի, Եվրամիության, Ուկրաինայի և ԱՄՆ դրոշները, տոնածառի դիմաց այրվել է ցուցարարների ցրումը վերահսկող հատուկ նշանակության վարչության պետ Զվիադ Խարազիշվիլու խրտվիլակը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստացել է, որ տոնածառն անպայման համապատասխան տեսքի կբերվի։