Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ ստորագրված եռամյա հուշագրի դրույթներին։ Կողմերը դիտարկել են նաև Հայաստանում նախատեսվող երեխաների խնամատարության տարածաշրջանային երկրորդ համաժողովի կազմակերպման հնարավորությունները։
Երեխաների խնամատարության ինստիտուտի հանրահռչակման և զարգացման համար արքայազն Մայքլը նախարար Նարեկ Մկրտչյանին առաջարկել է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով նաև Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրներում։
Հանդիպման ավարտին արքայազն Մայքլն ընդունել է նախարար Մկրտչյանի հրավերը՝ Հայաստան այցելելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Քենսինգթոնյան պալատում նախորդ տարի ստորագրվել էր համագործակցության հուշագիր՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով։