Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ արդարադատության նախարարությունն ամփոփել է «Համախմբենք ուժերը, կանխենք կոռուպցիան» խորագիրը կրող մեկամսյա արշավը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Համաժողովի ընթացքում բացման խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը , ով նշել է, որ կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն դրսևորումները: Փոխվարչապետն ընդգծել է, որ 2018 թ.-ից ի վեր ՀՀ Կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման և դրա զարգացման համար, և մեծ է այն գիտակցումը, որ կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր է իրականացնել միայն համակարգված աշխատանքով:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր տեսաուղերձում շնորհավորել է մասնակիցներին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ և նշել, որ շուրջ վեց տարի է՝ մեր պետությունը հետևողական պայքար է մղել կոռուպցիայի դեմ՝ ունենալով «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարը։ Քննարկմանն արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ով կարևորել է, որ Ազդարարման համապետական արշավի շրջանակներում կազմակերպվել են 40 վերապատրաստում և իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ շուրջ 900 մարդու մասնակցությամբ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը և Երևան քաղաքը: Նա նշել է, որ արշավի պտուղների մասին խոսում են թվերը՝ շեշտելով ազդարարման դեպքերի ամսական շուրջ 200 տոկոս աճ: