Եվրոպական դատարանում ունենք 4 ընդհանուր միջպետական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի, և ունենք նաև 2 միջպետական գործընթաց ընդդեմ Հայաստանի: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի շրջանակում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Չորս միջպետական գործընթացները Հայաստանի կողմից, որոնք Եվրոպական դատարանում տարվում են ընդդեմ Ադրբեջանի, վերաբերում են 44-օրյա պատերազմին և դրան հաջորդող ժամանակահատվածին, վերաբերում են գերեվարված անձանց նկատմամբ իրականացված ապօրինի դատական պրոցեսներին, ազատությունից ապօրինի զրկելուն, վերաբերում են ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, ինչպես նաև վերաբերում են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման և դրան ուղեկցող բոլոր խախտումներին՝ սկսած Լաչինի արգելափակումից»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումներին, որոնք սկսվել են դեռ 2022 թվականի վերջից բլոկադայով, շարունակվել բռնի տեղահանման գործընթացով:
«Եվրոպական դատարանում առաջին գանգատը, որը վերաբերում է բուն պատերազմին, արդեն հաղթահարել ենք գրավոր ընթացակարգերը, գրավոր առարկությունները փոխանցել ենք: Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումներն ադրբեջանական պատասխանների վերաբերալ, ինչը նշանակում է, որ մենք արդեն ակնկալում ենք դատարանի բանավոր լսումները: Այսինքն՝ մենք ակնկալելու ենք դատարանի կողմից բովանդակային, հրապարակային լսումներ Մեծ պալատի կազմով»,- ասաց նա և հավելեց, որ դատարանը դեռ օրը չի նշանակել:
Ինչ վերաբերում է մյուս երեքին, դրանք հիմնականում գրավոր փուլերում են: Չորրորդ գանգատը՝ բռնի տեղահանման հետ կապված, ներկայացվել է այս տարի, քանի որ այն ծավալուն էր, նաև իրադարձությունները դեռ ծավալվում էին մինչև 2023 թվականի ավարտը: Այդ իսկ պատճառով այն ժամանակային առումով ուշ է քննվելու: Դա ամբողջական ներկայացվել է այս տարվա սկզբին:
«Արդարադատության միջազգային դատարանում ունենք հիմնական մեկ գործընթաց, որը հիմնվում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման [մասին] կոնվենցիայի վրա: Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա Հայաստանը ներկայացրել էր հայցադիմումը դեռ 2021-ին:
Բացի հայցադիմումից՝ զուգահեռ ներկայացրել ենք նաև ժամանակային միջոցների կիրառման մասին 5 պահանջ, որից 3-ով Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում՝ Ադրբեջանի նկատմամբ ժամանակին կիրառելով կոնկրետ միջոցներ: Գիտեք՝ վերջինն անցյալ տարվա նոյեմբերի 17-ին կայացված որոշումն էր, որը հենց ԼՂ-ից հայերի բռնի տեղահանմանը հաջորդող ժամանակահատվածն է: Գիտեք նաև, որ այս դատարանում գործի քննությունը նաև ընթացավ նախնական առարկությունների փուլով, որը տեղի ունեցավ 2024 թվականի ապրիլի 15-27-ը հրապարակային լսումների տեսքով»,- ասաց նա՝ հավելելով, որ նոյեմբերի 12-ին այդ մասով կայացված վճիռները շատ կարևոր էին, քանի որ համաձայն վճիռների՝ վերահաստատվեց հայկական պահանջների մասին իրավազորությունը, և մեծ մասամբ մերժվեցին ադրբեջանական պահանջները, որոնք վերաբերում էին առաջին պատերազմին: