Դեկտեմբերի 5-6-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել «Անտիկոնտրաֆակտ-2024» 12-րդ միջազգային համաժողովը, որը նվիրված էր արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության հակազդման հարցերին, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում իրավունքների պաշտպանությանը:
Համաժողովի ընթացքում առցանց ձևաչափով ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը:
Համաժողովին մասնակցում էին ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ, միջազգային առաջատար փորձագետներ:
Համաժողովը մեծ հարթակ է, որը հնարավորություն է տալիս քննարկելու մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրների լայն շրջանակ՝ միտումները, լավագույն փորձը և արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու միջոցները:
Սևակ Միքայելյանն իր ելույթում նշել է օրենսդրության՝ ՀՀ քրեական օրենսգրքում, Քաղաքացիական օրենսգրքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք հստակեցնում են նորմերը և խստացնում պատժամիջոցները մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների համար: Միաժամանակ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև թվային միջավայրում իրավունքների խախտմանը հակազդող կարգավորումների կատարելագործման գործընթացին: