ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մերի Գալստյանը և Մարիա Կարապետյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել են եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Արուսյակ Ջուլհակյանը խոսել է հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցությունից, կարևորել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը:
Քննարկվել են երկկողմ սերտ գործակցությանը վերաբերող հարցեր, ընդգծվել է մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Հայաստան այցի շրջանակում հյուրերը կհանդիպեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, հանձնաժողովների, աշխատակազմի վարչությունների և ՀԿ ներկայացուցիչների հետ:
Նախատեսվում է, որ այցի ընթացքում պատվիրակության անդամներն ԱԺ աշխատակազմին տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն կցուցաբերեն օրենսդրական և բյուջետային գործընթացներում հանրային ներգրավվածության բարձրացման հարցում: