Այս տարի, երբ ապահովագրական ընկերություններն իրար հետևից խաղից դուրս եկան, գյուղատնտեսական ոլորտը համարելով ոչ շահութաբեր, Կառավարությունն իր վրա վերցրեց վերաապահովագրողի պարտականությունը: Միայն դրանից հետո ընկերություններից մեկը ապահովագրություն սկսեց՝ քիչ թվով մշակաբույսերի ու ավելի փոքր ռիսկերի համար: Ապահովագրականում հիմա 2024-ի պայմանագրերի ուսումնասիրության փուլում են: Արդյո՞ք տարին վնասաբեր էր իրենց համար: Նախնական ենթադրությունն այն է, որ այնքան էլ վնասաբեր չէր:
Զուգահեռ՝ էկոնոմիկայի նախարարությունն ու գերմանական ԿԱ-ԷՖ-ԴԱԲԼՅՈՒ բանկը ուսումնասիրում են՝ ինչու է ծրագիրը շահույթի փոխարեն վնաս բերում ապահովագրականներին: Ոլորտը համակարգող նախարարի խոսքով՝ պատճառներից են վնասի գնահատման համակարգի անարդյունավետությունը, երբ, օրինակ, կարկտի վնասաբերությունը գնահատվել է աչքաչափով, նաև կլիմայի փոփոխությունը: Հիմա պատասխանատուները աշխատում են համակարգի բարելավման ուղղությամբ՝ ստեղծելու արդար՝ սուբյեկտիվությունից ու կոռուպցիայից զերծ պայմաններ: