Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հայտնվեց ապստամբների վերահսկողության տակ սիրիական մի քանի խոշոր քաղաքների գրավումից երկու շաբաթից էլ քիչ ժամանակում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղի ժամանակով 6:00-ին զինյալները հայտնել են, որ մտել են Դամասկոս, գրավել քաղաքի մերձակայքում գտնվող «Սայեդնայա» բանտը և ազատել բանտարկյալներին: Նրանք դա անվանել էին «անարդարության շրջանի ավարտ»:
Սիրիայում 2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում այդ բանտում էին պահվում նախագահ Ասադի ռեժիմի հակառակորդները: Իրավապաշտպանները հայտարարում էին, որ պատերազմի առաջին 5 տարիներին այդտեղ գաղտնի պայմաններում մահապատժի է ենթարկվել 5-13 հազար մարդ:
CNN-ը, վկայակոչելով զինյալների հայտարարությանը, հայտնում է, որ նրանք «պատրաստվում են վերահսկողություն սահմանել ռադիոյի ու հեռուստատեսության շենքերի նկատմամբ, որպեսզի հեռարձակեն Ասադի նկատմամբ հաղթանակի մասին հայտարարությունը»:
Դամասկոսում տեղի ունեցող իրադարձությունների մասին միակ պաշտոնական մեկնաբանությունը տվել է Սիրիայի վարչապետ Մուհամմադ Գազի ալ-Ջալալին: Նա հայտարարել է, որ գտնվում է իր տանն ու պատրաստ է աջակցել երկրի կառավարման «փոխանցմանը» այն բանից հետո, երբ Սիրիայի նախագահը հեռացել է երկրից:
Ալ-Ջալալին հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ցանկացած ղեկավարության հետ, որին կընտրի Սիրիայի ժողովուրդը:
Ի պատասխան՝ զինյալների առաջնորդը հայտարարել է AFP գործակալությանը, որ Դամասկոսի պետական հաստատությունները կմնան Սիրիայի վարչապետի ղեկավարման ներքո մինչև իշխանության պաշտոնական փոխանցումը:
Դեռևս հայտնի չէ Բաշար Ասադի գտնվելու հստակ վայրը:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Reuters գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին,
տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում ռազմական գործողությունների ֆոնին լքել է մայրաքաղաք Դամասկոսը ու հեռացել «անհայտ ուղղությամբ»:
New York Times-ը գրում է, որ միակ թռիչքը, որը տեղի է ունեցել Դամասկոսի միջազգային օդանավակայանից, եղել է Մոսկվայի ուղղությամբ:
Դամասկոսի տասնյակ բնակիչները նույնպես փորձել են լքել երկիրը, սակայն օդանավակայանում քաոս է տիրել, հայտնում է CNN-ը:
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի ռադիոյին, հայտնել է, որ բոլոր աշխատակիցները լքել են օդանավակայանը, դրա գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է:
Մինչ այդ, Դամասկոսի որոշ բնակիչներ սկսել են հավաքվել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ տոնելու Բաշար Ասադի ռեժիմի տապալումը: