Հարավային Կորեայի խորհրդարանում այսօր քվեարկություն է տեղի ունեցել նախագահի իմփիչմենթի հարցով, որի օգտին չի հաջողվել բավարար ձայներ հավաքել: Քվեարկությանը մասնակցել է 300 պատգամավորից 195-ը, իմփիչմենթը հաստատելու համար անհրաժեշտ էր 200 ձայն։ Ընդդիմության նախաձեռնությունը ձախողվել է իշխող կուսակցության բոյկոտի պատճառով։
Զուգահեռաբար, խորհրդարանի շենքի դիմաց ցույցեր են տեղի ունեցել: Տեղական լրատվամիջոցների տեղեկությամբ՝ քաղաքացիները պահանջել են Յուն Սոկ Յոլի հրաժարականը: Yonhap գործակալության տվյալով՝ Սեուլում բողոքի ակցիային մասնակցում է 150.000 մարդ:
Դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը 1979 թվականից ի վեր առաջին անգամ երկրում մի քանի ժամով ռազմական դրություն էր հայտարարել։ Նախագահը բողոքել էր, որ ընդդիմությունը, Հյուսիսային Կորեայի աջակցությամբ, ցանկանում է պաշտոնանկ անել իրեն: Անվտանգության ուժերը փակել էին խորհրդարանի մուտքը, սակայն ընդդիմությունը կարողացել էր ներս մտնել և քվեարկել Յուն Սոկ Յոլի որոշումը չեղարկելու օգտին: