Հարավային Կորեայի նախագահն օրերս երկրում ռազմական դրություն հայտարարելուց հետո առաջին անգամ հանդես է եկել ուղերձով, ներողություն խնդրել ժողովրդից իր անսպասելի որոշման համար: Յուն Սոկ Յոլը խոստացել է, որ այլևս ռազմական դրություն չի հայտարարի և անհրաժեշտության դեպքում պատասխանատվություն կկրի:
«Թողնում եմ, որ կուսակցությունս որոշի քաղաքական իրավիճակի կարգավորման և իմ պաշտոնավարման ժամկետի հետ կապված հարցերը»,- ասել է նախագահը:
Ակնկալվում է, որ այսօր խորհրդարանը կքվեարկի Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի հարցով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ իշխող կուսակցության պատգամավորների մեծ մասը որոշել է բոյկոտել նախագահի իմփիչմենթի հարցով քվեարկությունը: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է պատգամավորների 300 ձայնից 200-ը։ Իշխող կուսակցությունը խորհրդարանում ունի 108 մանդատ, ընդդիմությունը՝ 192։
Դեկտեմբերի 3-ին Յուն Սեոկ Յոլը 1979 թվականից ի վեր առաջին անգամ երկրում մի քանի ժամով արտակարգ դրություն էր հայտարարել։ Նախագահը բողոքել է, որ ընդդիմությունը Հյուսիսային Կորեայի աջակցությամբ ցանկանում է պաշտոնանկ անել իրեն: Անվտանգության ուժերը փակել են խորհրդարանի մուտքը, սակայն ընդդիմությունը կարողացել է ներս մտնել և քվեարկել Յուն Սոկ Յոլի որոշումը չեղարկելու օգտին, ինչից հետո նախագահը ևս համաձայնել է հանել ռազմական դրությունը։ Ներքաղաքական զարգացումներն ուղեկցվել են ցույցերով, Սեուլում մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նախագահի հրաժարականը: