Բաղդադում տեղի է ունեցել Իրանի, Իրաքի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանի առջև ծառացած խնդիրներին և Սիրիայում վերջին զարգացումներին:
«Բանակցությունների մասնակիցները դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ընդգծել հակազդեցության հավաքական գործողությունների անհրաժեշտությունը»,- ասված է Իրաքի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Նախարարները դատապարտել են նաև Իսրայելի հարձակումները Սիրիայի, Գազայի և Լիբանանի վրա, ընդգծել Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնականությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը:
Իրանի արտգործնախարարն իրաքյան «Ալ-Շարքիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ընդգծել է, որ Սիրիայում զարգացումները սպառնում են նաև Իրաքի անվտանգությանը: Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է աջակցել Սիրիային:
Իրանի արտգործնախարարն այնուհետև մեկնել է Դոհա, որտեղ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Օրակարգում է եղել գլխավորապես Սիրիայում իրավիճակը: Դիվանագետները քննարկել են նաև այսօր Աստանայի ձևաչափով ԱԳ նախարարների կայանալիք հանդիպումը։