Դեկտեմբերի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Արփինե Սարգսյանն իր խոսքում կարևորել է միասնական կառավարում ունեցող ուսումնական հաստատության գաղափարը՝ նշելով, որ կրթական միջավայրի բարելավումը և ոլորտային բարեփոխումները նախարարության և պետության համար ռազմավարական գերակա ուղղություններից են, քանի որ այն հանրության անվտանգության ապահովման կազմակերպման նոր մոտեցում և հնարավորություն է։
Նա նաև նշել է, որ ՆԳ նախարարության կողմից կրթական բարեփոխումների նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան, մրցունակ մասնագետներ պատրաստելն է թե՛ ոստիկանական, թե՛ փրկարարական ոլորտում։
Ներկայացվել է կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունների հայեցակարգը, որն ուղղված է կրթության որակի լավարկմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Ընդգծելով, որ ցանկացած համակողմանի փոփոխության հիմքում մարդկային ներուժն է որպես շարժիչ ուժ՝ ՆԳ նախարարը շեշտել է, որ հենց նախարարության ներդրած ներուժից է կախված, թե վաղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչպիսի ծառայություն կարող են ստանալ ոստիկանությունից և փրկարար ծառայությունից:
Արփինե Սարգսյանի խոսքով՝ միասնական կրթահամալիրը պետք է նաև գիտահետազոտական լաբ հանդիսանա, որը միտված կլինի յուրաքանչյուր իրավախախտման կանխարգելմանը, որովհետև, ի վերջո, գիտական աղբյուրներից կտրվելն ու միայն առկա վիճակագրության հիման վրա լուծումներ նախատեսելը լիարժեք չէ:
Մասնակիցները ներկայացրել են ուսումնական միջավայրի, նյութատեխնիկական բազայի զարգացման, կրթական գործընթացի թափանցիկության վերաբերյալ առաջարկներ:
Հանդիպումներին առցանց ձևաչափով մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: