Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր Վայոց ձորի մարզում էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Ջումայանը հանդիպում է ունեցել Եղեգնաձորի պոլիկլինիկայի տնօրեն Կարեն Ասատրյանի հետ, շրջել բուժկենտրոնում։ Այս մարզում գյուղական հինգ ամբուլատորիաներ միավորվել է քաղաքային երկու` Վայքի և Եղեգնաձորի պոլիկլինիկաների հետ։ Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանի, պոլիկլինիկաների տնօրենների հետ միասին քննարկել են միավորման գործընթացում առաջացած կազմակերպչական հարցերը։
Փոխնախարարը հանդիպմանը նշել է, որ առողջապահության նախարարությունը պատրաստակամ է աջակցել մասնագիտական զարգացման, թվային առողջապահության, հեռաբժշկության զարգացման և այլ հարցերում։ Արտակ Ջումայանը հանդիպել է նաև Արենիի և Մալիշկայի ամբուլատորիաների ընտանեկան բժիշկների հետ, քննարկել են հարցեր` կապված առողջության առաջնային օղակում ընթացող բարեփոխումներից։