Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:
Վարչապետը ողջունել է Ստեֆան Դիոնի այցը Հայաստան և ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում Կանադայի հետ կապերի ընդլայնումը և այդ երկրի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Վարչապետը շեշտել է, որ պետական կառավարման համակարգում բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, դատաիրավական բնագավառում ռեֆորմների իրականացումը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադան ողջունում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և այլ ուղղություններով բարեփոխումների իրականացման գործում ՀՀ Կառավարության քայլերը ու պատրաստ է շարունակել աջակցությունը մեր երկրին: Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի խոսքով՝ ՀՀ-ում դեսպանության բացումը կնպաստի նաև երկկողմ համագործակցության զարգացմանը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի բնագավառներում:
Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով համատեղ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումներին: Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել է տարբեր հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումներին: Ստեֆան Դիոնը շեշտել է, որ Կանադան իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին: