Մենք չենք սկսել պատերազմը, մենք սկսել ենք հատուկ ռազմական գործողություն, որպեսզի վերջ դնենք այն պատերազմին, որը Կիևի ռեժիմը վարում էր Դոնբասում իր ժողովրդի դեմ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում:
«Եթե չլիներ 2014 թ. փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջումը, և եթե այն ժամանակվա նախագահի և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությունն իրագործվեր, Ուկրաինան մինչև հիմա միասնական կլիներ, և Ղրիմը կլիներ նրա կազմում։ Դա ակնհայտ է։ Նրանք չկատարեցին այդ համաձայնագիրը, փոխարենը՝ պետական հեղաշրջում կազմակերպեցին»,- ասել է ռուս դիվանագետը:
Լավրովը հիշեցրել է՝ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայում իրադարձությունների ցանկացած զարգացման, բայց նախընտրում է խաղաղ կարգավորումը՝ բանակցությունների միջոցով:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» գերձայնային հրթիռի կիրառմանը՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այդ քայլն ուղերձ է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին: Լավրովի խոսքով՝ նրանք պետք է հասկանան, որ Մոսկվան պատրաստ կլինի օգտագործել ցանկացած միջոց, որպեսզի թույլ չտա Արևմուտքին «ռազմավարական պարտության» մատնել Ռուսաստանին:
Լավրովը նաև նշել է, որ ճգնաժամի լուծումը կախված չէ միայն Մոսկվայից և Վաշինգտոնից, ինչպես ներկայացնում են շատերը: