Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մինչև լիազորությունների ավարտը՝ 2027 թ․, կմնա նախագահի պաշտոնում: Նա կառավարության հրաժարականն ընդունելուց հետո խոստացել է առաջիկայում նշանակել նոր նախարարների, որոնք կներկայացնեն ամբողջ քաղաքական սպեկտրը։
Ֆրանսիայի ապագա կառավարությունը, նախագահի խոսքով, պետք է նոր բյուջեի նախագիծը նախապատրաստի 2025-ի սկզբին։ Քաղաքացիներին ուղղված ուղերձում Մակրոնը նշել է, որ այդ բյուջեի հաստատումն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը կարողանա, նախատեսվածի պես, ներդրում անել բանակում, դատական համակարգում, ոստիկանության համակարգում, ինչպես նաև հնարավոր լինի օգնել ֆերմերներին: