Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը գնահատել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, մեկնաբանել «Օրեշնիկ» հրթիռի փորձարկումը, ինչպես նաև ներկայացրել Ուկրաինայում պատերազմ սկսելու պատճառները։ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապի ուղիներ կան, բայց դրանք հիմնականում օգտագործվում են երկու երկրում պատիժ կրող անձանց փոխանակման հարցով:
Անդրադառնալով միջուկային պատերազմի վտանգին՝ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան չի մտածում ԱՄՆ-ի հետ պատերազմի մասին, քանի որ այն կարող է միջուկային բնույթ ստանալ: «Ռուսական ռազմական հայեցակարգն ասում է, որ ամենակարևորը միջուկային պատերազմից խուսափելն է»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք չէ մատների արանքով նայել Մոսկվայի բարձրաձայնած «կարմիր գծերին»: Խոսելով «Օրեշնիկի» փորձարկման մասին՝ նա նշել է՝ Ռուսաստանը չի ցանկանում սրել իրավիճակը, բայց հույս ունի, որ ԱՄՆ-ին ուղղված իր ազդանշանը՝ «Օրեշնիկի» փորձարկման տեսքով, լուրջ է ընդունվել: «Դոնալդ Թրամփն ուժեղ մարդ է, նա շատ ընկերասեր է, բայց դա չի նշանակում, որ նա ռուսամետ է»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը, նաև նշել, որ Մոսկվան ԱՄՆ-ի հետ չգործակցելու պատճառներ չի տեսնում:
Անդրադառնալով Ուկրաինայում պատերազմին՝ Լավրովը ներկայացրել է այն հիմնական պայմանները, որոնց կարող է համաձայնել Ռուսաստանի Դաշնությունը՝ հակամարտությունը կարգավորելու համար: Նրա խոսքով՝ Կիևը չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, Ուկրաինայում օտարերկրյա ռազմաբազաներ չպետք է լինեն, և այնտեղ չպետք է անցկացվեն զորավարժություններ օտարերկրյա զորքերի մասնակցությամբ:
Բացի դրանից՝ Ուկրաինայի հարցում համաձայնության գալու համար Արևմուտքը «պետք է հաշվի առնի տեղում ստեղծված նոր իրողությունները:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: