Դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կայացած Food Africa սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է միասնական տաղավարով՝ ներկայացնելով 15 հայկական ընկերության արտադրանք։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Ցուցահանդեսին մասնակցությունը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել՝
-
Ներկայացնել իրենց արտադրանքը.
-
Բացահայտել աֆրիկյան շուկայի նոր միտումներն ու հեռանկարները.
-
Հաստատել նոր բիզնես կապեր.
-
Հանդիպել հեռանկարային գնորդների հետ.
-
Բարձր տեսանելիություն ձեռք բերել Արևելյան Աֆրիկայի, հատկապես COMESA (Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկա) տարածաշրջանում.
-
Գտնել հուսալի դիստրիբյուտորներ:
Ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավար է այցելել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը։
Food Africa սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը Աֆրիկա մայրցամաքի ամենամեծ միջազգային առևտրային ցուցահանդեսն է, որը մասնագիտացած է պարենային և ագրոարդյունաբերության ոլորտներում և եզակի հարթակ է Եգիպտոսի, ինչպես նաև Աֆրիկայի զարգացող սպառողական շուկա մուտք գործելու համար: Ընդհանուր առմամբ, այս տարի Food Africa ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 910 կազմակերպություն 72 երկրից։ Ցուցահանդեսն ունեցել է շուրջ 27500 այցելու։