ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը դեկտեմբերի 5-6-ը Վալետայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում չի շփվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ` հայտնել են Եվրահանձնաժողովից։
Շփումներ չեն նախատեսվում, քանի որ Լավրովը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ։ «ԵՄ-ն Սերգեյ Լավրովին ներառել է այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 2022 թվականի փետրվարի 25-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև Ուկրաինայում կայունությունն ու անվտանգությունը խաթարող գործողություններին նրա ակտիվ աջակցության պատճառով։ Լավրովի նկատմամբ միջոցներ են կիրառվել ակտիվների սառեցման տեսքով, իսկ ԵՄ անձանց արգելվում է նրան տնտեսական ռեսուրսներ տրամադրել»,- հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Անիտա Հիպերը։
Չնայած պատժամիջոցներին՝ Լավրովն այն անձանց ցուցակում է, որոնց ազգանունների դիմաց «աստղանիշ» է դրված, ինչը նշանակում է, որ նրա վրա չի տարածվում Եվրամիություն մուտքի արգելքը: «ԵՄ-ն որոշել է, որ ճանապարհորդության արգելքի միջոցները՝ մուտքը ԵՄ անդամ երկրներ կամ տարանցումը, նրա նկատմամբ չեն կիրառվում։ ԵՄ-ն կշարունակի պատասխանատվության ենթարկել ռուս պաշտոնյաներին իրենց գործողությունների համար՝ միաժամանակ բաց պահելով երկխոսության հնարավորությունները»,- պարզաբանել է Հիպերը։